Ֆուտբոլի Իսպանիայի Պրիմերայի 16-րդ տուրի շրջանակներում կայացավ իսպանական "Էլ-Կլասիկոն"` Մադրիդի "Ռեալի" եւ "Բարսելոնայի" միջեւ:
Խաղից առաջ կանխատեսումների չնչին առավելություն ուներ "Ռեալը" , քանի որ "արքայական ակումբը" վերջին խաղերի ընթացքում խաղային առումով ավելի կայուն ելույթներ էր ունենում, քան կատալոնական ակումբը:
Հանդիպման մեկնարկը չափազանց հաջող էր "Ռեալի" համար, որի ֆուտբոլիստները` խաղն սկսելով կենտրոնից, սուր գրոհ կազմակերպեցին եւ արդեն 25-րդ վայրկյանին ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման` օգտվելով Խերարդ Պիկեի դիրքային սխալից (հյուրերի պաշտպանը փակել էր "խաղից դուրս" իրավիճակը), մոտ տարածությունից ռմբահարեց Վիկտոր Վալդեսի պաշտպանած դարպասը` խփելով "Կլասիկոյի" պատմության ընթացքում ամենարագ գոլը:
Խփած գոլից հետո եւս, "Ռեալի" ֆուտբոլիստները շատ ակտիվ էին եւ առաջին խաղակեսի առաջին հատվածն ամբողջովին անցավ հենց նրանց ճնշող առավելությամբ: Հանդիպման 25-րդ րոպեին "Բարսելոնայի" դարպասը գրավելու գերազանց հնարավորություն ստացավ "Ռեալի" պորտուգալացի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, սակայն անչափ նպաստավոր դիրքից չկարողացավ գրավել մրցակցի դարպասը:
Գուցե հենց այդ դրվագը դարձավ բեկումնային, քանի որ դրանից հետո առավելությունն աստիճանաբար անցավ "Բարսելոնային", որի ֆուտբոլիստներն սկսեցին ավելի անկաշկանդ սպառնալ Իկեր Կասիլյասի դարպասին: Նմանատիպ սպառնալիքներից մեկն էլ, հանդիպման 30-րդ րոպեին, ավարտվեց դարպասի գրավմամբ. ստանալով Լիոնել Մեսսիի փոխանցումը` "Բարսելոնայի" չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը հաշվենկատ հարվածով հավասարեցրեց հանդիպման հաշիվը: